laptop image

ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրեց նախադեպային որոշում՝ ի շահ մեր վստահորդների

Իրավունքի հմայքը նաև նրանում է, որ այն անդադար զարգանում է, իսկ «ԹԻ ԱՐ ԼՈ ՖԸՐՄ» ընկերության փաստաբաններ Տաթևիկ Սարգսյանի և Նանե Ղազարյանի ջանքերի շնորհիվ կորպորատիվ իրավահարաբերությունների յուրահատուկ բնույթն ընդգծվեց թիվ ԵԿԴ/4634/02/16 քաղաքացիական գործով կայացված ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ: 

 

Փաստաբանների առջև դրված խնդիրն էր կարմիր գծով տարանջատել հետևյալ հասկացությունները՝

  •     երկար տարիների ընթացքում արմատացած դիրքորոշումն առ այն, որ ամուսնության ընթացքում ամուսինների կողմից ձեռք բերված գույքն ընդհանուր համատեղ սեփականություն է        հանդիսանում և ենթակա է տնօրինման բացառապես համատեղ կարգով, և
  •     սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասի սեփականատերը այդ բաժնեմասի նկատմամբ ունի կորպորատիվ սուբյեկտիվ իրավունքներ:

 

Այսպիսով՝

2021 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ վճռաբեկ դատարանը ԵԿԴ/4634/02/16 գործով հրապարակեց որոշում, որով անդրադարձ կատարեց հետևյալ երկու իրավական հարցադրումներին՝ 

  1. արդյո՞ք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի բաժնեմասը՝ դրանում ներառված իրավունքների և պարտականությունների ամբողջ ծավալով, կարող է համարվել ամուսինների համատեղ սեփականություն.
  2. արդյո՞ք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի՝ ընկերությունից դուրս գալն ամուսնության ընթացքում ամուսինների կողմից ձեռք բերված գույքի տնօրինում է, թե միայն ընկերության մասնակցի` կորպորատիվ սուբյեկտիվ իրավունքի իրացում: 

 

Որոշմամբ արձանագրվում է, որ կորպորատիվ տեսանկյունից բաժնեմասը չի կարող համարվել ընդհանուր համատեղ սեփականություն, քանի որ վերջինս հանդիսանում է կորպորատիվ իրավահարաբերությունների օբյեկտ և ունի առանձնահատուկ կարգավորում, իսկ վերջինիս օտարումը չի հանդիսանում համատեղ գույքի տնօրինում, քանի որ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն, ընկերության մասնակցի ընկերությունից ցանկացած պահի դուրս գալու իրավունքի իրացման համար որևիցե նախապայման չի պահանջվում, դա մասնակցի բացարձակ, որևէ մեկի կամքով չպայմանավորված կորպորատիվ իրավունքն է, որը մասնակցի և ընկերության համար առաջացնում է կորպորատիվ բնույթի հարաբերություն։ Ուստի, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի՝ ընկերությունից դուրս գալը կորպորատիվ իրավունքի իրացում է, այլ ոչ թե ամուսնության ընթացքում ձեռք բերված համատեղ գույքի տնօրինում:

 

 

Ընկերության փաստաբանների հաղթանակը ոչ միայն կարևորվում է իրենց վստահորդների շահերը փայլուն պաշտպանելու, այլև ՀՀ-ում կորպորատիվ իրավունքի զարգացման նոր ուղղություն հիմնելու տեսանկյունից: